ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ


(Ամփոփում)


     Վերջին տարիներն ավելի է մեծացել հետաքրքրությունը Հայոց ցեղասպանության (1915-1922 թթ.) նկատմամբ: Այն պայմանավորված է նախ եւ առաջ բազմաթիվ երկրների կողմից պատմական այդ փաստի ճանաչման իրողությամբ։ Սակայն թուրք ու թուրքամետ պատմագիտությունը շարունակում է նենգափոխել եւ ժխտել պատմական ստույգ իրողությունները:

     Այնինչ, տարբեր լեզուներով հրատարակված պաշտոնական փաստաթղթերին առընթեր, պատմափաստագրական կարեւոր արժեք են ներկայացնում նաեւ հիշյալ իրադարձությունների անմիջական տպավորությունների տակ հաղորդված ժողովրդական վկայությունները: Քանի որ հայ ժողովուրդն ինքն է այդ զանգվածային քաղաքական ոճրագործության առարկան (object) եւ ինչպես ամեն մի հանցագործություն բացահայտելիս որոշիչ են վկաների ցուցմունքները, նույնպես եւ այս պարագայում պետք է հենվել նաեւ ականատես-վկաների հաղորդած վկայությունների վրա, որոնցից յուրաքանչյուրն իրավաբանական տեսակետից ապացուցողական նշանակություն ունի Հայ Դատի արդարացի լուծման եւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:

     Տեղահանության ու ցեղասպանության հետեւանքով արեւմտահայության զգալի մասը (ավելի քան 1,5 միլիոն) ոչնչացվել է, իսկ հրաշքով փրկվածները ցրվել աշխարհի տարբեր երկրներ` ստեղծելով Հայ Սփյուռքը որպես պատմական իրողություն: Այդ ողբերգական իրադարձություններին ականատես-վկաներից շատերը սկսած 1920-ական թվականներից Սփյուռքից պարբերաբար հայրենադարձվել են Խորհրդային Հայաստան եւ բնակություն հաստատել իրենց երբեմնի բնօրրանները խորհրդանշող նորակառույց բնակավայրերում:

     Դեռեւս 1955 թվականից, շուրջ 50 տարիների ընթացքում, հավատարիմ մնալով ժողովրդական խոսքին, գրառել, ձայնագրել ու տեսագրել ենք Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված ականատես-վերապրողների հաղորդած վկայությունները (600 միավոր), որոնց բնագրերը պահվում են Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիուտի արխիվում:

     Սույն ուսումնասիրության ժողովրդագիտական նյութերը մեջբերված են մեր հայերեն գրքից (Վ. Սվազլյան, Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ, Երեւան, ՀՀ ԳԱԱ ,Գիտությունե հրատ., 2000, 500 էջ):

     Ուսումնասիրության մեջ ներկայացված են Հայոց ցեղասպանության ընթացքն ու պատմական իրադարձությունները, որոնք լրացված, հիմնավորված եւ հաստատված են Արեւմտահայաստանի, Կիլիկիայի եւ Անատոլիայի 70 տեղավայրերից բռնի տարագրված, Հայաստանում եւ Սփյուռքում (Հունաստան, Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, ԱՄՆ, Սիրիա, Լիբանան, Իրաք, Եգիպտոս, բալկանյան երկրներ, Թուրքիա) բնակություն հաստատած Հայոց ցեղասպանության ականատես վերապրողների հաղորդած վկայություններով ու պատմական բնույթի երգերով (հայերեն եւ թուրքալեզու):

     Փաստագրական այդ վկայությունները ճշմարտացիորեն վերարտադրում են Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում երիտթուրքական կառավարության կազմակերպած հայերի զորահավաքն ու զինահավաքը, ինչպես նաեւ զանգվածային տեղահանություններն ու կոտորածները:

     Ժողովրդական այդ նյութերն իրենց ինքնատիպությամբ եւ պատմաճանաչողական արժեքով դառնում են Հայոց ցեղասպանությունը ժողովրդական պարզ լեզվով լուսաբանող առարկայական, փաստացի ու վավերական անժխտելի վկայություններ:
ՎԵՐԺԻՆԵ ՍՎԱԶԼՅԱՆ
Նախորդ Էջ